National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
21.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
26.11.2014
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերում
1 / 2

Նոյեմբերի 26-ին նիստեր են գումարել ԱԺ մշտական հանձնաժողովները: ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Միքայել Մելքումյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Գործող օրենսդրությամբ թեթեւ մարդատար, ինչպես նաեւ 10 եւ ավելի մարդկանց տեղափոխման համար նախատեսված տրանսպորտային միջոցների տեղափոխումը ՀՀ-ում մշտապես հաշվառված կամ մշտապես բնակվող անձանց, ինչպես նաեւ ՀՀ-ում պետական գրանցում ստացած անհատ ձեռնարկատերերի եւ կազմակերպությունների կողմից ՀՀ մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով թույլատրվում է մեկ տարվա ընթացքում միայն երկու անգամ` տասնհինգ օրը չգերազանցող ժամկետով: Հեղինակն առաջարկում է երկու բառը փոխարինել 4 բառով, իսկ 15-օրյա ժամկետը՝ 30 օրյա ժամկետով:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշել է, որ Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո գործելու է ԵՏՄ մաքսային օրենսդրությունը եւ վերոնշյալ խնդիրը կարգավորվում է ԵՏՄ օրենսդրությամբ: Նշվել է, որ առաջիկայում խորհրդարան կներկայացվի նոր օրինագիծ, որը կհամապատասխանի ԵՏՄ օրենսդրությանը: Կառավարության ներկայացուցիչն առաջարկել է հեղինակին օրինագծի քննարկումը հետաձգել:

Հեղինակի առաջարկով օրինագծի քննարկումը հետաձգվել է մինչեւ մեկ տարով: Հետաձգվել է նաեւ ԱԺ պատգամավորներ Թեւան Պողոսյանի եւ Ռուբիկ Հակաբյանի նեղինակած «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ դրանից բխող մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթի քննարկումը:

Հանձնաժողովը քննարկել է «2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագիրը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը նշել է, որ պայմանագիրը բաղկացած է բուն պայմանագրից եւ 5 հավելվածից: Պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը միանում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին, ինչպես նաեւ` Մաքսային միության եւ Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձեւավորման շրջանակներում կնքված ու Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերի:
Պայմանագրի 1-ին հոդվածով նախատեսվում է, որ Հայաստանի կողմից «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրի եւ «ՀՀ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 1-ին հավելվածում նշված միջազգային այլ պայմանագրերի առանձին նորմերի կիրառումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության? Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամակցելու հետ կապված հարցերի վերաբերյալ պայմանագրի 3-րդ հավելվածով նախատեսված պայմաններին ու անցումային դրույթներին համապատասխան:
Պայմանագրի 2-րդ հավելվածում նշվում են այն փոփոխությունները, որոնք կատարվում են ԵԱՏՄ մասին պայմանագրում եւ Մաքսային միության ու Միասնական տնտեսական տարածքի իրավապայմանագրային բազայի ձեւավորման շրջանակներում կնքված միջազգային պայմանագրերում՝ ԵԱՏՄ-ին ՀՀ-ի միանալու կապակցությամբ:
Պայմանագրի 3-րդ հավելվածով նախատեսվում են Հայաստանի Հանրապետության կողմից ԵԱՏՄ մասին պայմանագրի եւ քննարկվող պայմանագրով նախատեսված այլ միջազգային պայմանագրերի առանձին նորմերի կիրառման պայմանները եւ անցումային դրույթները:
Պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանվում է այն ապրանքների ցանկը, որոնց հանդեպ ՀՀ կողմից անցումային շրջանում կիրառվելու են ԵԱՏՄ մաքսային սակագների դրույքաչափերից տարբերվող ներմուծման մաքսատուրքի դրույքաչափեր:
Քանի որ Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ անդամ պետությունների հետ եւ ապրանքների ու տրանսպորտային միջոցների տեղաշարժն իրականացնելու է երրորդ պետությունների տարածքով, այդ կապակցությամբ ապրանքների եւ տրանսպորտային միջոցների փոխադրման առանձնահատկությունները սահմանված են պայմանագրի 5-րդ հավելվածով:
ԱԺ պատգամավորներն իրենց ելույթներում եւ հարցադրումներում փորձել են պարզել, թե ինչ է տալու անդամակցությունը մեր երկրին, որ ապրանքատեսակների մասով է մաքսատուրքը մնալու անփոփոխ, նրանք անդրադարձել են օտարերկրյա ներդրումներին, արտահանմանն ու ներկրմանը, ԵՄ-ի հետ հետագա համագործակցությանը: Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանն անդրադարձել է բոլոր մտահոգություններին եւ հարցադրումներին: 5 կողմ, 2 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հանձնաժողովը երաշխավորել է քննարկվող պայմանագիրը դրական եզրակացությամբ ընդգրկելու ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Նույն օրը գումարվել է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը՝ Արտակ Դավթյանի նախագահությամբ: Պարոն Դավթյանը նշել է, որ օրակարգում ընդգրկված «Բարձրագույն եւ հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծի քննարկումը հեղինակների առաջարկով հետաձգվում է մինչեւ մեկ տարի ժամկետով: Այնուհետեւ երկրորդ ընթերցմամբ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ կառավարության եզրակացությունը ներկայացրել է մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հեղինակի՝ Թեւան Պողոսյանի կողմից: Հեղինակն առաջարկում է լրացնել ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը 3.2 մասով, որով կարգելվի գովազդի հեռարձակման ժամանակ գովազդակրի կողմից ձայնային ռեժիմի կտրուկ ուժեղացումը: Պարոն Պողոսյանը օրենքի լրացումը հիմնավորում է նրանով, որ գովազդի հեռարձակման ժամանակ ձայնի կտրուկ բարձրացումը նպաստում է սթրեսային հիվանդությունների առաջացմանը եւ սրացմանը, երեխաների եւ մեծահասակների լսողական օրգանների ֆունկցիոնալ խանգարմանը, ինչպես նաեւ ազդում է վեգետատիվ ֆունկցիաների վրա: Նրա կարծիքով՝ օրենքի նախագծի ընդունումը կապահովագրի հասարակությանը գովազդի հեռարձակման հնարավոր վնասակար հետեւանքներից:
Ծավալված քննարկման ընթացքում պատգամավորների կողմից հնչել են բազնաթիվ առաջարկներ, որոնք ընդունվել են օրինագծի հեղինակի կողմից: Պատգամավոր Շուշան Պետրոսյանն առաջարկել է մասնագիտական մոտեցում ցուցաբերել, հանգամանալից ուսումնասիրել տարբեր հեռուստաալիքներով տրվող հաղորդումների եւ գովազդի ձայնի բարձրացման աստիճանն ու պատճառները:
 
Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է ուսումնասիրությունների արդյունքները, որոնք նույնպես վկայում են, որ երբեմն գովազդի ընթացքում ձայնի բարձրացումը բերում է էմոցիոնալ անկայունության եւ նպաստում է նյարդային հիվանդությունների աճին: Փոխնախարարի կարծիքով՝ պետք է սահմանել գովազդի ձայնի բարձրացման շեմը բոլոր հեռարձակողների համար: Նախկինում եղել է հստակ չափանիշ՝ 40 դեցիբել, որի ազդեցությունը վնասակար չի եղել հեռուսատադիտողի վրա: Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ամփոփելով հարցի քննարկումը, նշել է, որ խոսքը անբարեխիղճ գովազդի մասին է՝ անկախ նրանից ձայնն է կտրուկ բարձրանում, թե գույներն են արագ փոփոխվում: Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն՝ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվելու համար:



21.05.2024
Խորհրդարանը սկսել է նիստերի աշխատանքը. քննարկվել է համայնքի ավագանու անդամի կողմից հանրային կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելքին վերաբերող փաթեթը
Ազգային ժողովը մայիսի 21-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը: Խորհրդարանը հաստատել է հերթական նիստերի օրակարգը: Մինչ օրակարգային հարցերին անցնելը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են ուղղաթիռի վթարի հետեւանքով զոհված Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, կառավարության անդամների եւ նրանց ուղ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am